ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի վերաբերյալ կոնկրետ հետեւություններ անելը դժվար է՝ տեղեկատվության պակասի պատճառով, քանի որ հայտնի չէ, թե ինչ հարցեր են բարձրացվել եւ ինչ պատասխաններ հնչեցվել պաշտոնական Երեւանի հետ նրա հանդիպումների ժամանակ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը։
«Մենք սպասում էինք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բաց տեքստով կասեր, թե ինչ հարցեր են բարձրացվել ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ, սակայն դա չարվեց»,- նկատեց Կարապետյանը։
Նա նաեւ նշեց, որ հիասթափված է Քլինթոնի՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ արած հայտարարություններից։ «Պետքարտուղարն իր խոսքում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ կոնկրետ մեղադրանքներ չհնչեցրեց այդ երկրի հասցեին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Քլինթոնը չկոնկրետացրեց նաեւ ԼՂ վերաբերյալ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարությունը։ «Այնպես որ, ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան ժամանելով՝ Երեւանը հրճվելու առիթ չունի»,- ամփոփեց Կարապետյանը։




























