Մեքսիկայի Չիլպանսինգո քաղաքում մի խումբ ցուցարարները երկուշաբթի գրավել են ազգային ընտրական ինստիտուտի մի քանի շենքեր եւ խոստացել թույլ չտալ առաջիկա ընտրությունների անցկացումը՝ ի նշան Իգուալայում 43 ուսանողների անհետացման դեմ բողոքի։

Տեղի իշխանությունների տվյալով՝ ուսանողներն ու դասախոսները ինստիտուտին են մոտեցել ավելի վաղ զավթած ոստիկանական մեկ եւ իշխանական մարմիններին պատկանող երկու այլ մեքենաներով։ Այնուհետեւ նրանք շենքից հանել են անձնակազմին եւ խորհուրդ տվել չվերադառնալ։

Ցուցարարները կարծում են, որ թմրամաֆիայի հետ կապ ունեցող քաղաքական գործիչները Հերերո նահանգում անձեռնմխելի են, իսկ ընտրությունները քրեականներին սոսկ օգնում են ամրապնդել դիրքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Իգուալայում 43 ուսանողներին առեւանգել էր ոստիկանությունը՝ ավելի ուշ հանձնելով տեղի հանցախմբերի  ղեկավարներին: Դեպքերը կատարվել էին կրթական բարեփոխման դեմ ուսանողների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։ Իգուալայի նախկին քաղաքապետ Խոսե Լուիս Աբարկայի հրամանով նրանց վրա հարձակում էր կատարվել, վեց մարդ զոհվել, 43-ը անհետ կորել էին։