Հայաստանի Կենտրոնական բանկը արժույթի կայունացման սակարկություններ կսկսի, դեկտեմբերի 9—ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ նրա՝ առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական մինչեւ 6 մլն դոլար կվաճառվի, այնուհետեւ, պահանջարկի նվազման հետ, ծավալները կնվազեցվեն: «Այս շաբաթվա վերջին մենք կներկայացնենք մյուս շաբաթվա սակարկությունների ծրագիրը», - վստահեցրել է Ջավադյանը՝ նշելով, որ արժույթը կվաճառվի աճուրդի հիմքով:
ԿԲ նախագահը հավելել է, որ սա չի դիտարկվում որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է եւ ոչ մեծ ծավալի: «ԿԲ-ն փոխարժեքի ֆիքսման որեւէ նպատակ չի հետապնդում իր այս գործողություններով: Մենք պարզապես ցանկանում ենք կարճ ժամկետներում չեզոքացնել ավելորդ տատանումները», - ընդգծել է Ջավադյանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել էր 433-ի: Դեկտեմբերի 9-ի դրությամբ այն աճել է մինչեւ 455,08 դրամի՝ ԿԲ-ի փոխարժեքով:




























