Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք»-ի շինարարությունից հրաժարվելուց հետո «Հարավային գազային միջանցք» նախագիծը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է դառնում: Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին ԵՄ Խորհրդի՝ էներգետիկայի նախարարների մակարդակով անցկացված նիստից հետո հայտարարել է կառույցի Էներգետիկ հարցերի հանձնակատար Մարոշ Շեֆկովիչը:

Նա նաեւ նշել է, որ նախատեսում են «Հարավային գազային միջանցք»-ով առաջին գազամատակարարումն ապահովել արդեն 2019 թվականին:

Եվրահանձնակատարը տեղեկացրել է, որ նախարարները դիտարկել են «եվրոպական էներգետիկ այդ նախագծի իրականացման ժամանակ քաղաքական եւ բյուրոկրատական խնդիրները պարզեցնելու», ինչպես նաեւ Եվրամիության սահմաններից դուրս նախագծի մասնակիցների միջեւ այդ խնդիրներին լուծմանն աջակցելու հնարավորությունը:

Ամեն դեպքում, եվրոպացի պաշտոնյայի խոսքով, Եվրամիությունն արդեն ստացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաստումը, որ հավատարիմ են «Հարավային միջանցքի» շրջանակում նախագծերի իրականացմանը:

Ըստ Lenta-ի, «Հարավային գազային միջանցք» նախագծում ներկայում ԵՄ գործընկերների թվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Վրաստանը, Ղազախստանը, Թուրքիան, Իրաքը, Եգիպտոսը, ինչպես նաեւ պոտենցիալ առումով Իրանը եւ Ուզբեկստանը: Այս ամբողջ համակարգի ներդրումային հետաքրքրության համար շարունակում են լուրջ խոչընդոտ հանդիսանալ աշխարհաքաղաքական խնդիրները:

«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցվել է դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա այցից հետո: