Հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է կալանավորված անձին որակեն որպես քաղբանտարկյալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ ասաց ԱԳ նախկին նախարար, ՀՀՇ անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հարցին, թե որ մարմինը պետք է որակում տա՝ անձը քաղաքացիական բանտարկյալ է, թե ոչ:

«Որեւէ պետական մարմին երբեք չի հայտարարի՝ քաղբանտարկյալ ունի, թե ոչ: Իմ խորին համոզմամբ՝ քաղբանտարկյալն է որոշում՝ ինքը քաղբանտարկյալ է: Այդ անձի համար կարեւոր չէ, թե ով ինչ է մտածում: Այստեղ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է դա անեն, հայտարարություններ տարածեն եւ հռչակեն: Այս կազմակերպությունները ընթացքում պետք է այնպիսի անուն ու պատիվ ձեռք բերեն, որ նրանց հասարակությունը հավատա»,- ասաց պատգամավորը:

Արտակ Զեյնալյանը նույնպես պատգամավորի կարծիքին է. նա համոզված է, որ այդ որակումները ոչ մի դեպքում պետական կառույցը չպետք է անի:

Նշենք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է: