Շանթ Հարությունյանի գործից քաղաքական հետապնդումների հոտ չի էլ գալիս, դեկտեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ինչո՞ւ եք կրկին անդրադառնում դրան: Արդեն տարուց ավելի է անցել», - հավելել է նա:

Ի պատասխան հարցին՝ չի ուշացել արդյոք Ոստիկանությունը Շանթ Հարությունյանի հանդեպ ուժ գործադրելու հարցում, Գասպարյանը վստահեցրել է, որ ամեն ինչ ժամանակին է արվել:  «Եթե մի քանի րոպե շուտ միջամտեինք, ասելու էիք, թե մարդիկ ոչինչ չեն արել, իսկ ոստիկանությունը վերցրեց ու հարձակվեց նրանց վրա: Իսկ նրանք, իբրեւ թե, ուղղակի զբոսնում էին: Դե հա, փայտերով եւ պայթուցիկներով», - ընդգծել է Գասպարյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից դեպի նախագահի նստավայր։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, Ըստ Ոստիկանության՝ օգտագործվել էին ինքնաշեն պայթուցիկներ:

Շանթի կողմնակիցները նաեւ փայտեր էին կիրառել: 2014թ. հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին 6 տարվա ազատազրկման էին դատապարտել, իսկ նրա մնացած համախոհներին՝ մինչեւ յոթ տարվա: