«Բաշնեֆթի» վաճառքի ժամանակ հափշտակության եւ փողեր լվացման մեջ մեղադրվող հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի Բասմանի դատարանի տվյալները:
Այս կապակցությամբ, դատական նիստը, որի ընթացքում կքննարկվի նրա տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը, կանցնի առանց վերջինիս մասնակցության:
Քննության տվյալներով` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա բնակվել է Մոնակոյում: Քննությունը այդ փաստով էլ հիմնավորում է Քննչական մեկուսարանում վերջինիս պահելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։




























