Ես շատ վստահ եմ, որ հեղափոխություն չի լինի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե «ինչո՞ւ, որովհետեւ Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորում շարժումը», ոստիկանապետը պատասխանեց. «Որովհետեւ ես կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են եւ հասկանում են, որ ամեն տեսակ խժդժումներ եւ հեղափոխություններ, էն ոգով, որ ես ինչ-որ տեղ զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:
Իսկ Ծառուկյանի գլխավորած շարժումն ինչի՞ է բերելու, հատկապես որ Դուք թիրախներից մեկն եք, հարցին էլ արձագանքելն է. «Ո՞վ է թիրախ»:
Լրագրողի դիտարկմանը, թե «ասում են՝ Դուք Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի թիրախն եք», ոստիկանապետն արձագանքելն է. «Ես չգիտեմ, թե դա ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»:
Հարցին, թե ինչ է մտածում, որ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի գլխավորած շարժումը ընդլայնվում է, Գասպարյանը պատասխանել է. «Թող ընդլայնվի, ի՞նչ եք ուզում Ծառուկյանից»:
Իսկ իշխանափոխության վերաբերյալ հարցին էլ արձագանքելն է. «Ամեն ինչ շատ պարզ է: 2018-ին կլինեն նախագահական ընտրություններ, իշխանության մեջ փոփոխություններ կլինեն: Ով ուզում է, թող առաջադրվի»:



























