Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը կարծում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի վաղեմության ժամկետը լրանալու եւ համաներման հիմնավորմամբ: Այդ մասին Մոսկվայի Բասմանի դատարանում գործարարի տնային կալանքի երկարաձգման միջնորդության քննարկման ժամանակ հայտարարել է Հայրապետյանի պաշտպանը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Պաշտպանի խոսքով՝ Հայրապետյանին վերագրվում է հանցագործություն, որն իրագործվել է 2003թ. «Բաշնեֆթի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի կողմից, եւ այն հետաքննվել է մինչեւ 2010թ., երբ հետաքննությունը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով. «Սակայն եթե անգամ ենթադրենք, որ Հայրապետյանը մեղավոր է, ապա նա ենթակա է համաներման»:

Ինչ վերաբերում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի մորից 700 հազար դոլարի հափշտակությանը, փաստաբանը նշել է, որ «այդ կինը նշել է, որ գումարը փոխանցել է ոչ թե Հայրապետյանին, այլ փաստաբան Անտոնովին, ով մինչեւ օրս այս գործով չի հացաքննվել»:

Բացի այդ, պաշտպանը հիշեցրել է, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը վերադարձվել են պետությանը: «Եթե Հայրապետյանն այդ բաժնետոմսերի հետ առնչություն ունենար, հայցը կներկայացվեր նաեւ նրա դեմ, սակայն Գլխավոր դատախազությունը ոչ մի պահանջ չունի Հայրապետյանից», - ընդգծել է փաստաբանը:

Պաշտպանությունը նաեւ խնդրել է մերժել պաշտպանյալի տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը: