Գործարար եւ հայ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի մոտ, որը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի գործով յուրացումների եւ փողերի լվացման մեջ, քաղցկեղ է հայտնաբերվել. Նա այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հայրապետյանը ներկա չի լինի դատական նիստին, որտեղ քննարկվելու է իր խափանման միջոցը (տնային կալանք) երկարաձգելու հարցը, քանի որ այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Դատական նիստի ժամանակ նրա փաստաբանը հայտարարել է. «Լեւոն Հայրապետյանը ներկայումս բուժում է անցնում հիվանդանոցում, որտեղ նրա մոտ միզապարկի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է»:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հետաքննում է «ԲաշՏԵԿ»-ի ձեռնարկությունների բաժնետոմսերի յուրացման եւ դրանց օրինականացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բացի Հայրապետյանից այդ գործով պատասխանատվության առջեւ են կանգնած «Սիստեմա» ԱՖԿ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովը: Եվտուշենկովը գտնվում է տնային կալանքի տակ, իսկ Ռահիմովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:



























