Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են պետական գերատեսչությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին` Ֆինանսների նախարարը վերահաստատել է ծրագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման եւ սահմանների համալիր կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության խորացման առումներով:
«Մենք թեւակոխում ենք ծրագրի ավարտական փուլ, որի արդյունքում բիզնեսն ու ֆիզիկական անձինք կունենան բավարար պայմաններ՝ սահմանահատումն առավել սահուն իրականացնելու համար»,- նշել է նախարարը: ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը ծրագրի եզրափակիչ փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտելու համար կարեւորել է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի միավորումը: Նիստի ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են խնդիրներն ու նախանշվել առաջիկա անելիքները:
Քննարկվել են նաեւ ծրագրի իրականացման ընթացքի հետագա ուշացումների բացառմանն ուղղված քայլերը: ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, բարձր գնահատելով ՀՀ կառավարության հետ ձեւավորված համագործակցությունը, կարեւորել է քննարկումը՝ ծրագրի ընթացքին հետեւելու եւ հետագայի համար անհրաժեշտ որոշումներ ընդունելու առումներով:
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային եւ վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը:




























