Բուլղարիան պատրաստ է իր տարածքում «Հարավային հոսք» գազատարի փոխարեն եվրոպական մասշտաբի գազաբաշխիչ կայան կառուցել: Հարցը քննարկվել է այդ երկրի կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:

Վարչապետ Բոյկո Բորիսովն առաջարկել է գազամբարներ կառուցել Վառնայում, որտեղ սկսվելու էր «Հարավային հոսքի» բուլղարական հատվածը: Շինարարությունը կարող է ֆինանսավորել Եվրամիությունը:  «Եվրահանձնաժողովը կֆինանսավորի: Վառնայում կառուցում ենք գազաբաշխիչ կայան եւ դառնում «համար առաջինը» դիվերսիֆիկացման պլանում», — Բորիսովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է լուծենք այս խնդիրը: Մենք Եվրահանձնաժողովին եւ ողջ Եվրոպային հիանալի տարբերակ ենք առաջարկում՝ գազաբաշխիչ հանգույց ունենալ Բուլղարիայում, այլ ոչ թե Թուրքիայում», — ասել է Բորիսովը՝ նախարարներին հանձնարարելով բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթացնել նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը Ռուսաստանը դադարեցրել էր դեկտեմբերի 1-ին՝ Անկարա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո: Ըստ ՌԴ նախագահի՝ նախագծի իրականացումը չի կարող շարունակվել  ներկայիս պայմաններում՝ Բուլղարիայի պատճառով: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է նոր գազատար համակարգեր կառուցել՝ ուղղված այլ շուկաներ, այդ թվում նաեւ Թուրքիա, որտեղ նույնպես նախատեսվում է գազաբաշխիչ հանգույց կառուցել: