Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով նորանշանակ դեսպանին եւ հաջողություն մաղթելով նրան` իր առաքելության իրականացման ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ալլաուան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ առավել զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Ալժիրի դեսպանը նշեց, որ Ալժիրում բարձր են գնահատում հայ ժողովրդի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց առավել ընդլայնմամբ։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ արվեց միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին։




























