Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ առաքելության ընթացքում նա իր կարեւոր նպաստը կբերի` հայ-լեհական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպան Նովակովսկին ասաց, որ Լեհաստանում առանձնահատուկ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, եւ վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համակողմանի փոխգործակցության դինամիկ զարգացումը առաջ մղելու համար:
Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով հայ-լեհական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, հանգամանալից քննարկեցին հայ-լեհական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին` հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։




























