Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման եւ զարգացման իրենց ուղին՝ ելնելով իրենց ազգային շահերից: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ ի պատասխան ԵՏՄ-ին Հայաստանի անդամությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին հարցին:

Նրա խոսքով՝ ոչ մի երկիր մյուս երկրի տնտեսական եւ քաղաքական կողմնորոշումը սահմանելու իրավունք չունի եւ ոչ էլ որոշելու, թե տվյալ երկիրը ինչ միության կամ առեւտրային համաձայնագրի պետք է միանա:

«ԱՄՆ կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը՝ ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների աջակցելու եւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ձեռքբերված առաջընթացը պահպանելու նպատակով», - հայտարարել է Փսակին: