Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ֆինանսական ծառայությունների զարգացման համար անհրաժեշտ է բեռնափոխադրումների ապահովագրություն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առեւտրի ֆինանսավորման գործիքներին նվիրաված HSBC Trade Finance Academy-ի շնորհանդեսի ընթացքում լրագրողներին հայտարարեց HSBC Armenia բանկի առեւտրի ֆինանսավորման բաժնի պետ Կամո Մարգարյանը:

«Մենք ցանկանում ենք մեր հաճախորդներին ցույց տալ առեւտրային ֆինանսավորման մեխանիզմենրը, որոնք արտաքին առեւտրային գործարքների ժամանակ նկատելիորեն նվազեցնում են ծախսերն ու ռիսկերը», - նկատեց Մարգարյանը:

Ի պատասխան հարցին՝ որքանո՞վ են ապահովագրական ընկերությունները պատրաստ իրենց վրա վերցնել բեռնափոխադրումների ապահովագրությունը ֆակտորինգային եւ ակրեդիտիվային գործարքներում, Մարգարյանը նկատեց, որ խնդիրը բավականին կարեւոր է:

«Ուստի սա այս ձեւաչափով հաճախորդների հետ մեր բանկի առաջին հանդիպումն է, որտեղ մենք հրավիրել ենք նաեւ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որպեսզի վրջիններս ներկայացնեն բեռների ապահովագրման ժամանակ ծագող ռիսկերը, եւ դրանց ծածկման հնարավորությունները: Սա շատ կարեւոր է, այդ թվում եւ փաստաթղթային ակրեդիտիվների տեսանկյունից», - հավելեց Կամո Մարգարյանը: