Պաղեստինցին ծծմբաթթու է լցրել 6 իսրայելցիների վրա, այդ թվում՝ 8-10 տարեկան երեք երեխայի: Միջադեպը տեղի է ունեցել Հորդանան գետի Արեւմտյան ափին, Գուշ-Էցիոնում տեղակայված զինվորական անցակետի մոտ: Տուժածները քիմիական այրվածքներ են ստացել, երեխաների վիճակը թեթեւ է գնահատվում:

Հարձակվողի ուղղությամբ միջադեպի վայրում գտնվող մի իսրայելցի կրակ է բացել: Հանցագործը միջին ծանրության վնասվածք է ստացել: Դրանից հետո իսրայելցի զինվորականները ձերբակալել են Նահլին գյուղի 45-ամյա բնակչին: Այս մասին գրում է «Utro.ru»-ն՝ վկայակոչելով Israland-ին:

Դրանից մի քանի ժամ առաջ Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինցին ավտոմեքենայով մխրճվել էր ավտոբուսի կանգառատեղիի մեջ, որտեղ իսրայելցի զինվորականներ եւ պաղեստինցիներ են եղել: Իսրայելի բանակը չի բացառում, որ այդ միջադեպը, որի արդյունքում ոչ ոք չի տուժել, կանխամտածված է եղել:

Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել պաղեստինա-իսրայելական հարաբերություններում հերթական ճգնաժամի ֆոնին, որոնք սրվել էին պաղեստինցի նախարար Զիյադ Աբու Այնայի մահից հետո: