Սիդնեյում, Lindt շոկոլադի խանութում պատանդներ վերցրած եւ ցուցափեղկում իսլամիստական բնույթի արտահայտություններով նշան տեղադրած զինված ահաբեկիչը, հնարավոր է նաեւ ռումբ ունի մոտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Սիդնեյի ոստիկանության ներկայացուցիչները:

Ոստիկանների խոսքով՝ խանութի շենքը, որտեղ գտնվում են պատանդները, հնարավոր է, ականապատված է: Ներկայումս ոստիկանությունը համարում է, որ մարդկանց պատանդ վերցնողը մեկ մարդ է, սակայն պատանդների թվի վերաբերյալ դեռ հստակություն չկա: Ոստիկանության կարծիքով՝ ահաբեկիչը պատանդ է վերցրել մինչեւ 50 մարդու:

Հիշեցնենք, որ ահաբեկիչն ու պատանդները գտնվում են Sydney’s Martin Place համալիրի Lindt սրճարանի եւ շոկոլադի խանութի ներսում, որը շրջապատել են ոստիկանները: Ականատեսները վկայում են, որ շենքում շուրջ 20 պատանդ կա եւ առնվազն մեկ զինված ահաբեկիչ: Ըստ  Աստրալիայում Lindt-ի  ղեկավարների՝ սրճարանում կարող է շուրջ 40 մարդ լինել:  Պատանդները սրճարանի ներսում կանգնած են ապակե ցուցափեղկերի երկայնքով՝ ձեռքները վեր, ԻԼԻՊ-ի դրոշներով՝ այդպիսով իրենց մարմիններով  պատսպարելով զինված հանցագործներին:

Ըստ NEWS.am-ի թղթակցի՝ Սիդնեյի կենտրոնական մասը, այդ թվում նաեւ օպերայի շենքը եւ  տեղի հեռուստաալիքներից մեկի գլխավոր գրասենյակը, ամբողջությամբ տարհանվել են, քաղաքի վրայով ուղղաթիռներ են թռչում:

Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի