Բելգիայում համընդհանուր բողոքի ակցիա է տեղի ունենում ընդդեմ տնտեսական խիստ քաղաքականության եւ կենսաթոշակային տարիքի բարձրացման:

Երկրի տրանսպորտային հաղորդակցությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել՝ համազգային գործադուլի պատճառով:

Առաջինը իրենց աշխատավայրերը լքել են ավիադիսպետչերները, որի հետեւանքով որոշ ժամանակով փակվել է երկրի օդային տարածքը:

Դադարեցվել է նաեւ ցամաքային տրանսպորտի աշխատանքը: Խախտվել է գնացքներով երթեւեկությունը: Դժվարությունների առաջ կարող են կանգնել նաեւ նրանք, որոնք որոշել են ճամփորդել սեփական մեքենայով, քանի որ բեռնատարների վարորդները խոստանում են փակել մայրուղիները: Բացի այդ, բողոքի մասնակիցները նախատեսում են նստացույցներ կազմակերպել հիվանդանոցների ու ուսումնական հաստատությունների մոտ, որպեսզի արգելափակեն դրանց աշխատանքը:

Ինչպես հաղորդում է НТВ-ն, գործադուլն ուղղված է կառավարության տնտեսական նախաձեռնությունների դեմ, որը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը եւ կրճատել մի շարք սոցիալական արտոնություններ: