Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված 6 ուժերից 5-ը ընդհատել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը: Այդ խմբակցությունները պահանջել են ընդմիջում հայտարարել, որպեսզի քննարկեն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակումը:
ԱԺ նիստն ընդհատվել է, որից հետո խմբակցությունները ներկայացուցիչները բարձրացել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակ՝ 20-րոպեանոց խորհրդակցության:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:




























