Երևանի «Փյունիկի» և Զամբիայի հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլան 2010-ին լքեց երևանյան թիմը, ինչի արդյունքում ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից՝ թիմի առջև պարտականությունները չկատատերլու համար  որակազրկվեց չորս ամսով: Արդյունքում Մբոլան բաց թողեց Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ փուլը, որտեղ Զամբիան պատմության մեջ առաջին անգամ դարձավ չեմպիոն: ՖԻՖԱ-ն այնուհետև չեղյալ համարեց որակազրկումը, քանի-որ ֆուտբոլիստն այդ ժամանակ անչափահաս էր:

NEWS.am – ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Մբոլան խոստովանեց, որ զղջում է հայկական թիմից ոչ պատշաճ կերպով հեռանալու համար:

Էմանուել Մբոլան այժմ Իսրայելի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Հապոել Ռաանա»  թիմի ֆուտբոլիստ է:

Էմանուել, մեկ տարի անցկացրիր «Փյունիկում»` 2009-2010-ին: Ի՞նչ տվեց այդ փորձը քեզ:

Այդ մեկ տարին, որ անցկացրի «Փյունիկում» իսկապես վայելեցի: Շատ երջանիկ էի լինել թիմի մի մասնիկը: Ես լքեցի թիմը, ոչ նրա համար, որ ինձ այնտեղ լավ չէր, կամ թիմը լավը չէր,  պարզապես այլ առաջարկներ ունեի: Հաճախ կյանքում դու ինքդ  պետք է որոշում կայացնես:

Ի՞նչն ես ամենից շատ հիշում «Փյունիկում» անցկացրած ժամանակահատվածից:

Հիշում եմ ամեն պահը: Ես վայելում էի կյանքս Հայաստանում, քանի  որ հենց այդտեղ սկսվեց իմ պրոֆեսիոնալ կարիերան: Այդտեղ ես շատ բան սովորեցի: Այժմ ես այստեղ եմ շնորհիվ «Փյունիկի» ու  դա երբեք չեմ մոռանա:

Այնուամենայնիվ, «Փյունիկից»  հեռանալդ  սկանդալային էր: Կարելի է ասել դու փախար թիմից:

Կյանքում պատահում է, որ սխալվում  ես  և ստիպված ես լինում վճարել դրա համար: Ես ոչ մեկին  չեմ մեղադրում, միայն ինքս ինձ, քանի  որ դա իմ մեղքն էր: Ես «Փյունիկից» հեռացա սխալ կերպով: Մենք պետք է մեր սխալների վրա սովերենք, ինչպես  եւ ես արեցի:

Եթե ժամանակը հետ տային,  ինչպե՞ս կվարվեիր նույն  այդ իրավիճակում:

Ամեն բան ճիշտ հերթականությամբ կանեի: Եթե ցանկանայի տեղափոխվել ճիշտ կերպով կիրագործեի:

Եթե հիմա լիներ այդ պահը,  երբ «Փյունիկը» քեզ  բաց չէր թողնում, իսկ դու այլ առաջարկներ ունեիր, ինչպե՞ս կվարվեիր:

Խորամանկ հարց է: Նման դեպքում շատ դժվար է,  երբ ակումբը չի ցանկանում քեզ բաց թողնել, իսկ դու շատ երիտասարդ ես ու չգիտես՝ ինչպես վարվել: Այն ժամանակ ես շատ բաներ չգիտեի տրանսֆերային քաղաքականության մասին: Եթե այժմ կրկին կանգնեի նման խնդրի առաջ, շատ բաներ կհամաձայնեցնեի թիմիս հետ:

Ո՞վ էր այդ ժամանակ քո գործակալը:

Ռուս և հայ տղաների գործակալների խումբ էր: Ես շատ մոտ էի  կանգնած Դավիթ Աբրահամյանի հետ աշխատելու հնարավորությանը, բայց չստացվեց:

«Փյունիկից»  հետո դու հայտնվեցիր Կոնգոյում: Ստացվում է Եվրոպայից կոնկրետ առաջարկ չունեի՞ր:

Ես ունեի տարբեր առաջարկներ: Չեմ ցանկանա մանրասմանել, թե ինչու չստացվեց: Իսկ հայտնվեցի Կոնգոյում, որովհետև «Մազեմբեն» միակ թիմն էր, որը ցանկացավ օգնել ինձ և ձեռք բերեց  ինձ «Փյունիկի» հետ ունեցած իմ խնդիրներով հանդերձ: Ես նրանց շատ շնորհակալ եմ, որ օգնեցին լուծել խնդիրներս: Այնտեղ մնացի մեկուկես տարի, հետո նրանք ինձ տարան Պորտուգալիա:

Իսկ ինչո՞ւ Պորտուգալիայում  հաջողության չհասար:

Դուք պետք է հավատաս և  շատ աշխատես: Շատ էի ցանկանում հանդես գալ Եվրոպայում:  Ես հայտնվեցի «Պորտուի» երկրորդ  ոչ թե առաջին թիմում: Չնայած քիչ խաղերի մասնակցեցի,  բայց դա էլ  շատ լավ փորձ եղավ  ինձ համար:

Ի՞նչ կասես Իսրայելի առաջնության մասին,  որտեղ դու  այժմ  հանդես ես գալիս:

Շատ լավ առաջնություն է, նման եվրոպական առաջնություններին:

Ո՞ր  առաջնությանը  հատկապես:

Ավելի շատ նման է Իտալիայի և Պորտուգալիայի առաջնությանը:

Հնարավո՞ր է շուտով տեղափոխվես այլ թիմ:

Իհարկե, Աստծո կամքով, եթե ունենամ հնորավաորւթյուն, կտեղափոխվեմ:

2012-ին Զամբիայի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող: Նախորդ տարի չկարողացավ հաղթահարել խմբային փուլը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք առաջնությունից,  որը տեղի կունենա փետրվարին:

Մենք լավ մարզավիճակում ենք և չեմպիոնության ախորժակ ունենք:

Ո՞վքեր են հիմնական ֆավորիտները:

Զամբիան, Ալժիրը և Կամերունը:

Հետևու՞մ ես հայկական ֆուտբոլին: Քո թիմակիցներից շատերն այժմ հանդես են գալիս Հայաստանի հավաքականում:

Այո, շատերի հետ շփվում եմ: Հայաստանի հավաքականը շատ լավ է դրսևորում իրեն  հատկապես հիմա, երբ ունի շատ լավ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս եվրոպական լավ թիմերում:

Ցանկություն ունե՞ս կրկին այցելել  Հայաստան:

Շատ եմ ցանկանում: Ես անպայման կայցելեմ` կամ այս ամռանը, կամ մյուս: