Մոսկվայի բորսայում դեկտեմբերի 16-ի սակարկություններն սկսելիս ռուբլու փոխարժեքն ամրապնդվել է. նախորդ օրվա համեմատ դոլարն իջել է 4,7 ռուբլով՝ մինչեւ 59,75 ռուբլու, եվրոն՝ 4,1 ռուբլով՝ մինչեւ 74,70 ռուբլու:  Ռուբլու ուժեղացումը տեղի է ունեցել առանցքային դրույքը միանգամից  6,5 տոկոսով բարձրացնելու՝  17%-ի հասցնելու ԿԲ-ի որոշման ֆոնին:

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն ընթացքում շարունակել են նվազումը՝ հասնելով  54,50 ռուբլի/դոլար եւ 73 ռուբլի/եվրո ցուցանիշների, սակայն արդեն 10:10 –ին դոլարը բարձրացել է 61,20 ռուբլի/դոլար, եվրոն  76,45 ռուբլի/եվրո, իսկ ժ. 10:30-ին դոլարը թանկացել է եւս 14 կոպեկով՝ մինչեւ 61,34 ռուբլի/դոլար, եվրոն՝ 3 կոպեկով՝ 76,48 ռուբլի /եվրո:

Ըստ «Կոմերսանտի»՝ դեկտեմբերի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի բանկը առանցքային դրույքը միանգամից  6,5 տոկոսով բարձրացնելու՝  17%-ի հասցնելու որոշում էր կայացրել: Ըստ ԿԲ-ի պաշտոնական հաղորդագրության՝ այդ գործողությունների նպատակը ինֆլյացիոն ռիսկերը նվազեցնելն է: Կրեմլում հրաժարվել են ԿԲ-ի որոշումը մեկնաբանելուց: