Վերջին օրերին տեղի ունեցած բռնությունների մեջ մեղավորը Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
«Դատապարտելի է ցանկացած բռնություն: Կարելի է առանձնացնել երեք տիպի բռնություն. ազատամարտիկների դեպքում սա վտանգավոր է, քանի որ նրանք կարող են երկրում առկա խնդիրները լուծել իրենց ձեւով: Լրագրողների նկատմամբ բռնություններն ավելի վտանգավոր են, քան քաղաքական գործիչների նկատմամբ: Ինչ վերաբերվում է քաղաքական գործիչների դեպքին, ապա կան պատգամավորներ, որոնց վարքն ավելի հարիր է փողոցին, քան խորհրդարանին: Արամ Մանուկյանին առողջություն եմ ցանկանում, սակայն ուզում եմ հիշեցնել, որ քո քվեարկած ԵՏՄ-ն հենց սա է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Նշենք, որ վերջին օրերին բռնության են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:




























