Ընթացիկ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Հայաստանին աջակցելու միասնական օրակարգի մասին փաստաթուղթ էր ստորագրվել: Այս մասին դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Ըստ նրա՝ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը Հայաստանի ԵՏՄ մտնելու վերաբերյալ ոմանց համար անակնկալ էր:

«Դա դրսեւորվեց վստահության մակարդակի համատեքստում: Բայց մենք փորձում ենք առաջ շարժվել, որպեսզի ապագայում ապահովենք հետեւողականություն Հայաստանի հետ համագործակցությունում՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի կողմից», - ասել է Հրիսթեան՝ հավելելով, որ ձեռք կբերվի երկկողմ փոխզիջում: Այս մասին, ընդգծել է դեսպանը, Հայաստանն ու Եվրամիությունը պայմանավորվել էին նաեւ Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում: «Այժմ մենք աշխատում ենք ոչ թե «ինչ» այլ «ինչպես» ուղղութամբ»,- նկատել է Հրիսթեան: