Ռուսաստանի Դաշնային խորհուրդը այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին, ինչպես նաեւ Մաքսային միության շրջանակներում կնքված այլ փաստաթղթերին: Կվերանայվեն ԱՀԿ-ի անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաեւ կճշգրտվի ԵՏՄ-ի Միասնական մաքսային սակագինը:

Պայմանագիրը նախատեսում է 1-8 տարվա անցումային շրջան Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքների համապատասխանեցման, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման, 3 տարի՝ ինտելեկտուալ սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից 2014թ. մայիսի 29-ին՝ Աստանայում, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին: