Հայաստանի Վարչական դատարանը մինչեւ օգոստոսի 6-ը վճիռ է կայացնելու Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ «Հայռուսգազարդ» ընկերության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ ներկայացված հայցի կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց համահայցվորներից մեկը՝ փաստաբան Վահե Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ ապրիլին 7230 քաղաքացիներ, Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ, հայցադիմում էին ներկայացրել Վարչական դատարան` բողոքելով գազի գնի անհիմն բարձրացման դեմ: Ապրիլի 1-ից Հայաստանի քաղաքացիները 1 խմ. գազի դիմաց վճարում են 132 դրամ` նախկին 96 դրամի փոխարեն, իսկ խոշոր սպառողները՝ հազար խմ-ի համար 243,13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն:
Փաստաբանը նշեց, որ դատարանից որեւէ ակնկալիք չունեն: «Ուղղակի դատարանի վճիռը լինելու է կա՛մ հայ ժողովրդի համար, կա՛մ հայ ժողովրդի դեմ: Դատարանը պետք է գիտակցի այդ փաստը»,- նշեց Հովսեփյանը:




























