Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միությունը ցանկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել մասնագիտացված տեխնիկական ուսումնարանների զարգացման հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, հարցը քննարկվել է նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
«Այն ժամանակ մենք ցանկանում էինք մասնագիտացված տեխնիկական ուսուցման զարգացման ծրագիր ներկայացնել: Սակայն վարչապետը փոխվեց, եւ մենք դեռ փորձում ենք հանդիպել նորի հետ: Եթե առաջիկա տարիներին այդ հանդիպումը կայանա, մենք կներկայացնենք մեր ծրագիրը: Ես այսպես եմ ասում, քանի որ արդեն հինգ ամիս մեզ չեն ընդունում: Հույս ունեմ, որ մինչեւ պաշտոնավարման ավարտը գոնե մեկ անգամ կընդունի»,- ասաց Սաֆարյանը:




























