Հայկական տեքստիլը միանգամայն կարող է դիմակայել թուրքական եւ չինական արտադրանքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով, նման եզրահանգումներ կարելի է անել նաեւ տեղական արտադրողների հետ զրույցների արդյունքում:
«Մի՞թե դուք չեք տեսնում: Նրանք հասկանում են, թե ինչի մասին եմ խոսում: Եթե արտադրանքը որակյալ լինի, այն կարող է տեղավորվել այն ինքնարժեքի սահմաններում, որը, համենայն դեպս, երկրի ներսում, նրանց թույլ կտա մրցակցել, այդ թվում՝ հաշվի առնելով աշխատավարձերի գործոնը: Բայց գլխավորը ոչ թե աշխատավարձերի մասով խնայողությունն է, այլ արտադրության արդիականացումը: Պարզապես ոչ բոլորն են ներդրումներ անում»,- հավելեց նախարարը:
Նշենք, որ Հայաստանի Թեթեւ արդյունաբերության գործատուների միությունը հանրապետության տեքստիլ արտադրանքի շուկան գնահատում է տարեկան շուրջ 280 մլն դոլար, որոնցից տեղական արտադրողները ծածկում են ընդամենը 8%-ը:



























