Հայաստանի չափագիտության ինստիտուտը նոր չափորոշիչներ է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ մեկնաբանելով որակի եւ արտահանման վերահսկողության զարգացման համար Համաշխարհային բանկի հետ 50 մլն դոլարի վարկային ծրագիրը:

Նա հավելեց, որ ինստիտուտի նյութական բազայի զարգացումը շատ կարեւոր է. դա կօգնի բարձրացնել հայկական արտադրանքի որակի չափանիշների ստուգման արդյունավետությունը:

Աջակցություն կստանա նաեւ Ստանդարտների ազգային ինստիտուտը. երկրում միջազգային մակարդակով արտոնագրված լաբորատորիաների առկայությունը կօգնի ապրանքների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչմանը, իսկ դա նշանակում է հայկական ապրանքների ներթափանցումն արտաքին շուկաներ:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է նվազագույնը նման երկու լաբորատորիայի ստեղծում պետական հաստատությունների շրջանակում»,- հավելեց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսին ստորագրված վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել նոյեմբերի 27-ի Կառավարության նիստում: