Հայ-վրացական հարաբերությունների ներկա փուլը խոստումնալից է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նա ուշադրություն հրավիրեց բարձր մակարդակով մի շարք այցերի վրա, որոնց ընթացքում քանիցս նշվել էր, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են եւ պետք է համագործակցեն միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում: «Քանի որ երկրները արտաքին քաղաքական տարբեր ուղղություններ են ընտրել, ինչը, ըստ որոշ մասնագետների, կարող է խոչընդոտ դառնալ, երկու պետությունների ղեկավարները այն տեսակետն են պաշտպանում, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է տնտեսական բաղադրիչներն օգտագործեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ժամանակը ցույց կտա՝ որքանով հույսերը կարդարացվեն:
Ըստ Թորոսյանի՝ Վրաստանը նախաստորագրել էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որից հետո որոշվել էր ճանապարհային քարտեզը՝ ԵՄ-ի պահանջներին համապատասխանելու համար: Ըստ վիզային ռեժիմի՝ օտարերկրացի քաղաքացիները Վրաստանի տարածքում չեն կարող գտնվել 90 օրից ավելի, տարվա ընթացքում՝ 180 օրից ավելի: «Շատ ջավախահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, որպեսզի հնարավորություն ունենան Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու, սակայն Վրաստանը չի ընդունում երկքաղաքացիություն, եւ այժմ այդ մարդիկ հայտնվել են խնդրի առաջ՝ զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից: Սակայն դա խոչընդոտ չէր մինչեւ 2014 թ. սեպտեմբերի 1-ի վիզային ռեժիմի ներմուծումը, եւ այժմ ջավախահայերը հարկադրված են լքել իրենց տները՝ վիզայի ժամկետն ավարտվելու պատճառով», - բողոքեց Շիրակ Թորսյանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների արդյունքում, համաձայն պայմանավորվածության, մինչեւ մարտի 15-ը այդ խնդիրը կլուծվի:




























