Կարելի է, իհարկե, զուգահեռ տանել ռուսական ռուբլու փլուզման եւ հայրենական դրամի անսպասելի կտրուկ արժեզրկման միջեւ, հաշվի առնելով, որ նմանությունները քիչ չեն, սակայն կան նաեւ զգալի տարբերություններ:

Ռուսական ռուբլու թուլացման առաջին պատճառը բոլորովին կապված չէ ռուս-ուկրաինական հակամարտության հետ, որը պարզապես արագացրեց եւ խորացրեց այդ գործընթացը: Ավելի վաղ, դեռեւս հունվարին, Ռուսաստանում դոլարը մեկ ամսում ամրապնդվել էր ավելի քան 17 տոկոսով: Մեզ մոտ այդ ցուցանիշը կազմել էր 0,7 տոկոս:

Արտաքին շրջանառության սալդոյի առումով իրավիճակը տրամագծորեն հակառակն է Ռուսաստանի արտաքին առեւտրում պրոֆիցիտը հունվար-հոկտեմբերին աճել է  9,5%-ով՝հասնելով 162 մլրդ դոլարի: Հայաստանում դեֆիցիտն ավելացել է  2,3%-ով՝ գերազանցելով 2,3 միլիարդը:

Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Ռուսաստանի արտահանման մեջ գերակշռել են վառելիքը եւ էներգետիկ ապրանքները (70,8%),  որոնց թվում է նավթը (33,2%): Հայաստանում միայն պողպատը, ցինկը եւ մոլիբդենն ապահովել են արտահանման  1/3 մասը:

Աշխատանքային միգրանտների հետ կապված խնդիրը (Ռուսաստանում հաշվվում է 11 մլն մարդ) նույնպես ուղիղ հակառակն է: Անցած տարի ԱՊՀ երկրներից աշխատանքային միգրատնենրը հայրենիք են փոխանցել 30 մլրդ դոլար, այդ թվում՝ Հայաստան՝ 1,3 մլրդ դոլարից ավելի: Ի դեպ, ներկայումս աշխատանքային միգրանտները ռուբլու թուլացման եւ հաջորդ տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտնող ռուսաց լեզվի իմացության վճարովի թեստի պատճառով զանգվածաբար լքում են Ռուսաստանը:

Բացի այդ, Ռուսաստանի իրավիճակը վատթարացել է կապիտալի փախուստի պատճառով, ինչն ընթացիկ տարվա գնահատումներով կազմում է 120 մլրդ դոլար: Մեր հյուսիսային հարեւանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները բավականին մռայլ են: Նույնիսկ պաշտոնատար անձանց կարծիքով սղաճը շոշափելի կլինի:

Երկրի ՀՆԱ-ի 3%-անոց ակնկալվող կրճատումը կհանգեցնի գործազրկության աճին եւ բնակչության իրական եկամուտների նվազեցմանը: Ուստի աշխատանքային միգրանտների, այդ թվում՝ մեր քաղաքացիների համար դժվար ժամանակներ են սպասվում: