Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու հարցը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Կարեն Թումանյանը:
Նա նշեց, որ խափանման միջոց կալանքի հարցը իրենք բողոքարկելու են հայաստանյան բոլոր ատյաններում եւ հասնելու են մինչեւ Եվրոպական դատարան, քանի որ դրա օրինականության հիմքերը պահպանված չեն:
Դրանից բացի՝ այլ գործողություններ եւս կանի պաշտպանական կողմը: «Պարտադիր քննության առարկա կդարձնենք անմեղության կանխավարկածի խախտման հարցը, տեսանյութի տարածումը անմեղության կանխավարկածի կոպիտ եւ անվիճարկելի խախտում է, այն կբողոքարկեն դատական ատյաններում»,-ասաց փաստաբանը:
Կարեն Թումանյանը շեշտեց, որ եթե նման արարք է կատարվել, պետք էր պատշաճ ընթացակարգով քննություն անել, իրականացնել հրապարակային դատավարություն, ոչ թե մոնտաժված տեսանյութը դրվեր ու ամբողջ աշխարհով ցույց տային, որ այդպիսի բան է եղել, վերջիվերջո, այդ անձը ընտանիք, երեխաներ ունի: Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ դատավորը մինչ այժմ ցուցմունք չի տվել եւ իրեն մեղավոր չի ճանաչում: Փաստաբանն ասաց, որ դեռ նախաքննության մարմինը մի շարք գործողություններ ունի իրականացնելու, դրանից հետո կորոշեն՝ ցուցմունք տալ, թե ոչ: Իսկ թե ով է մատնել դատավորին եւ ինչ հարաբերությունների մեջ է նա այդ անձնավորության հետ, Կարեն Թումանյանն ասաց, որ ըստ գործի նյութերի՝ նա դուռ-պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ տնօրեն Սեյրան Կարապետյանն է, ում հետ դատավորը նորմալ հարաբերությունների մեջ են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ, որը բավարարվել է: Դատավորը կալանավորված է:



























