Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը աշխատանքից չի ազատելու թունավորման դեպքի առթիվ գործի շրջանակներում մեղադրյալ ներգրաված մանկապարտեզի տնօրենին, քանի դեռ դատավճիռը ուժի մեջ չի մտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորայր Սարգսյանը:
Նա նշեց, որ զրուցել է գործի շրջանակներում մեղադրյալ ներգրավածների հետ, բոլորը շոկի մեջ են: Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ մանկապարտեզի տնօրենը լուրջ առողջական խնդիրներ ուներ, այս դեպքերից հետո էլ նրա վիճակը կտրուկ վատացել է, դրա համար էլ չի ներկայացել քննչական մարմնին: Նորայր Սարգսյանի խոսքով՝ նա երկար տարիների աշխատանքային փորձ, վաստակ ունի, 2 տարուց էլ պետք է գնար թոշակի: «Այդպիսի լավ մանկապարտեզում, այդպիսի սրտացավ աշխատակիցների մոտ անհասկանալի է` ինչպես կարող էր նման բան լինել: Ես շաբաթը երկու անգամ այցելում եմ այդ մանկապարտեզ, ամեն ինչ մաքուր, նորմալ, մտածում եմ, որ ինչ-որ մեկը հիվանդ է եղել՝ խոհարար, հաց կտրող, չիմանալով բացիլը բերել է մանկապարտեզ, այնտեղ վատ սանիտահիգիենիկ պայմաններ չկան»,-ասաց քաղաքապետը:
Նա շեշտեց, որ ինչքան այցելել է մանկապարտեզ, միայն լավ տպավորություններ է ստացել, ամեն ինչ միշտ տեղը տեղին է եղել եւ հնարավոր չէր վատ սանիտարհիգիենիկ պայմաններ լինել: Քաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ Եղվարդի մանկապարտեզը կսկսի աշխատանքը տոներից հետո:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Թունավորման հետեւանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայտնաբերվել է 23 առողջ բացիլակիր, որոնց շարքում թե երեխաներ կային, թե մեծահասակներԵղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասինե ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսեւորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելման ուղղությամբ:
Մանկապարտեզում խախտվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին եւ նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:



























