Սերժ Սարգսյանը մեթոդաբար եւ հետեւողականորեն փակուղի է մտցրել հայ-թուրքական հարաբերությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ-ի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ 2009 թ. նրա արկածախնդրությունը դարձավ պետական քարոզչություն, դրա մասնակիցներին էլ դարձնելով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի անպատվաբեր գործի փաստաբաններ, Հայաստանը ոչ մի բան չշահեց այդ գործընթացից:

«Շահեց միայն Թուրքիան, Ադրբեջանն ու սահմանը փակ լինելու կողմնակից պետությունները: Այս փակուղին Սերժ Սարգսյանի նվերն է մեր հակառակորդներին, սակայն այս կանխամտածված ձախողման համար պատասխանատվություն պետք է կրեն եւ կրելու են բոլոր նրանք, ով 2009-2011 թթ. փառաբանել է Ս. Սարգսյանի նախաձեռնությունը, կազմակերպել սեմինարներ եւ դրսում պաշտպանել վտանգավոր այս նախաձեռնությունը: Փոխանակ հստակ եւ հասարակության համար հասկանալի քայլերի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընտրվեց մի անհեռանկարային ծրագիր՝ ներքաշելով Հայաստանի ողջ պետական համակարգը սխալ քաղաքականության իրագործման մեջ: Հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելով, Ս. Սարգսյանը ցույց տվեց թե ինչպես է վերաբերում նաեւ այն մի քանի տասնյակ դիվանագետներին ու քաղաքագետներին, որոնք ջանասիրաբար պաշտպանում էին Ս. Սարգսյանի ձախորդ այդ նախաձեռնությունը»,-ընդգծել է Կարապետյանը:

Նա նաեւ նշել է, որ այսօր արդեն ամեն բան կանգնած է, չկա գործընթաց, չկան շփումներ եւ հստակ է, որ Սերժ Սարգսյանի օրոք չի լինելու որեւէ առաջխաղացում: «Հասարակությունն էլ հասկացավ, որ նոր շունչ կհաղորդվի թե՛ ղարաբաղյան խաղաղ գործընթացին եւ թե՛ հայ-թուրքական կարգավորմանը միայն Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելուց հետո»,-իր խոսքն է ամփոփել ՀԱԿ անդամը: