Թուրքիայից Ռուսաստան արտահանվող ձուկն ինքնարժեքի հաշվին հայկական ձկան համեմատությամբ ավելի շահեկան դիրքերում է: Այդ մասին NEWS.am-ին թղթակցին հայտարարել է «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:

Մկրտչյանը նշել է, որ թուրքական արտադրանքն ավելի էժան է նույնիսկ այն դեպքում, երբ հայկական արտադրողներն ազատված են մաքասատուրքերից, իսկ թուրքականները՝ ոչ: Վերջինին շատ առումով օգնում է աշխարհագրական դիրքը, որը թույլ է տալիս ավելի էժան ներմուծել կերը (ձկնալյուր): Մկրտչյանի կարծիքով, մեզ կարող է օգնել Եվրասիական միությանն անդամությունը եւ առավել շահավետ ԱԱՀ-ի ռեժիմը, որը ԵՏՄ-ի տարածքում այլեւս չի գանձվում հանրապետությունների սահմանին. այն կարելի է հետաձգել մինչեւ 50 օր ժամկետով: