«2010 թվականը առաջընթաց էր հայ - բրիտանական հարաբերություններում»,- հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը՝ ուրբաթ օրը Լոնդոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Դիվանագետն այժմ փորձելու է նպաստել հայ - բրիտանական գործարար կապերին: Նա խորհուրդ է տվել Հայաստանում գործ ձեռնարկել՝ խոստանալով իր օգնությունը: Ի պատասխան Հայաստանում բիզնես սկսելու առաջարկին` ներկաները հարցեր են տվել Հայաստանում օրենքի իշխանության, կոռուպցիոն խնդիրների մասին: Դեսպանը վկայել է, որ դրական տեղաշարժեր կան, բայց մեծ խնդիրները դեռ մնում են:
«Կառավարությունը նաեւ հարկային ոլորտ է բերել ընկերությունների, որոնք նախկինում արտոնյալ էին: Բայց հիմնական խնդիրը օլիգարխիկ համակարգն է, որ այսօր էլ իշխում է շուկան ու նույնիսկ ղեկավարում Ազգային ժողովը: Սա ամենամեծ մտահոգությունն է»,- ընդգծել է դեսպանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Չարլզ Լոնսդեյլը չի խուսափել նաեւ Ցեղասպանության ճանաչման հարցից` կրկնելով նախկինում Բրիտանիայի կառավարության հնչեցրած դիրքորոշումը.«Այս հարցում մենք դժվար թե փոփոխություն տեսնենք նոր կառավարության քաղաքականության մեջ: Մենք ընդունում ենք եղելությունը ու ցավում ենք հայերի կրած տառապանքների համար: Բայց ցեղասպանությունը իրավաբանական հասկացություն է, եւ այսօր աշխարհում որեւէ միջազգային դատարան չի կարող հետին թվով 1915 թվականի եղելությունը որակել ցեղասպանություն: Եւ Բրիտանիայի կառավարությունը չի կարող իրավաբանական տերմինն օգտագործել պատմական դեպքերի համար»:
Անդրադառնալով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային` բրիտանացի դիվանագետը նշել է, թե իր կարծիքով` այստեղ լուրջ տեղաշարժ առաջիկայում չի լինի:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է նաեւ իր երկրի կառավարության ֆինանսական քաղաքականության մասին եւ նշել, որ Մեծ Բրիտանիան ստիպված է կրճատումներ անել բոլոր ոլորտներում: Ուստի դեսպանությունն էլ է նվազեցնելու ծախսերը, բայց ոչ թե ծրագրերը պակասեցնելով, այլ գործի դնելով հնարամտությունն ու ստեղծագործաբար մոտենալով խնդիրներին:
«Ակնհայտ է, որ բյուջեի դեֆիցիտը նշանակում է ծախսերի կրճատումներ: Դրական կողմն այն է, որ մենք կմնանք Հայաստանում, կշարունակենք մեր ծրագրերը` գուցե ավելի փոքր կազմով: Խնդիրը ոչ թե ավելի քիչ գործ անելն է, այլ ավելի լավ գործ` ավելի սուղ միջոցներով», - ասել է դեսպանը:



























