Հարավային եւ Հյուսիսային Կորեաները հանդես են եկել հայտարարություններով, որոնք հույս են տալիս, որ Կորեական թերակղզում լարվածությունը կթուլանա:

Կիմ Չեն Ընի նախօրեի ելույթին, որում նա հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Պակ Կըն Խեի հետ, այսօր միանգամից պատասխանել են Հարավային Կորեայի նախագահն ու վարչապետը:

Պակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խնդրել է օժանդակել Հյուսիսի հետ երկխոսության վերսկսմանը եւ խոստացել, որ բոլոր ուժերը կներդնի Կորեայի վերամիավորման համար:

Հարավային Կորեայի վարչապետը խոստացել է, որ Սեւուլը կանի հնարավորը Փհենյանի հետ թշնամանքին վերջ տալու համար, հաղորդում է «Российская газета»-ն:

Հիշեցնենք, որ2014թ. դեկտեմբերի 29-ին Հարավային Կորեայի միավորման նախարարը Փհենյանին հրապարակավ առաջարկել է վերսկսել բանակցությունները բարձրագույն մակարդակով: Իր ամանորյա ելույթում Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ աջակցում է երկու Կորեաների երկխոսության գաղափարին, եւ պատրաստ է հանդիպել Հարավային Կորեայի ղեկավարի հետ: