Նոր  տարվա գիշերը գողություն է կատարվել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող, ֆոտոլրագրող, ՀԱԿ անդամ Անի Գեւորգյանի տնից, մինչ տանը մարդ չի եղել: NEWS.am- ի հետ զրույցում լրագրողը պատմեց, որ գողացել են իր անձնական Canon 6D տեսախցիկը եւ խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկը, նաեւ նրա եղբոր՝ Սարգիս Գեւորգյանի արխիվային եւ աշխատանքային նյութերով համակարգիչն ու էլեկտրոնային կրիչները:

«Քանի որ տանը ձեւականորեն բացված է ընդամենը մեկ-երկու դարակ, իսկ մյուս արժեքավոր իրերը իրենց տեղում են, ուրեմն սա ինֆորմացիոն պարունակություն եւ աշխատանքային կարեւորություն ունեցող տեխնիկական միջոցների նպատակային գողություն է»,- ասաց նա:

Անի Գեւորգյանը պատմեց, որ ինքն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, ինչից հետո ոստիկաններ են եկել եւ գործողություններ են կատարել իրենց տանը:

«Քիչ հետո գնալու եմ ոստիկանություն մանրամասն ցուցմունք  տալու, նման դեպքերում կարելի է բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, բայց ես միայն փաստերն են առաջ քաշում, իսկ  փաստերը նրանք են, որ գողացված համակարգիչը պարունակում էր նաեւ ՀԱԿ-ի հետ կապված արխիվային նյութեր, որոնք հրապարակման ենթակա չեն»,- ասաց Անի Գեւորգյանը:

Նշենք, որ Անի եւ Սարգիս Գեւորգյանները ՀԱԿ անդամներ են: