Ծնունդով նորզելանդացի, «Իսլամական պետություն» խմբավորման անդամ Մարկ Թեյլորը պատահաբար բացահայտել է գրոհայինների գտնվելու գաղտնի վայրը Twitter միկրոբլոգում հաղորդագրությունների միջոցով:
Մարկ Թեյլորը, որը վերցրել է Աբու Աբդուռահման անունը, 45 հաղորդագրություն է հեռացրել իր Twitter-ից, երբ հասկացել է, որ դրանք գեոտեգինգի գործառույթի շնորհիվ քարտեզի վրա ցույց են տալիս իր գտնվելու վայրը, հաղորդում է Guardian-ը:
Մասնագետը կարողացել է որոշել նրա գտնվելու վայրը՝ սիրիական Ալ-Տաբկա քաղաքի տներից մեկը:
Թեյլորին հաջողվել էր դուրս գալ Նոր Զելանդիայից 2012թ., չնայած տեղաշարժի սահմանափակմանը: Գրոհայինը ցուցադրաբար այրել էր իր անձնագիրը եւ լուսանկարը տեղադրել Facebook սոցցանցում:




























