Վահան Հովհաննիսյանը լավ ընկեր էր, նաեւ ճանապարհի լավ ընկեր, մեծ հայ, որը քաղաքականության մեջ երբեք չի անտեսել մարդկային հարաբերությունները: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանին այսպես բնութագրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Ես մեծ կորուստ եմ ապրել, որովհետեւ մենք նաեւ ջերմ անձնական հարաբերությունների մեջ էինք: Որպես հայ ժողովրդի զավակ, որպես գիտնական, ես մեծ ցավ եմ ապրում եւ մեծ կորուստ եմ համարում հայ ժողովրդի համար»,- ասաց վարչապետ՝ նշելով, որ կուսակցական պատկանելությունն իրենց ընկերությանը երբեք չի խանգարել:
«Ինձ միշտ Հովիկ Արգամիչ էր ասում»,- հիշեց վարչապետը՝ նշելով, որ ինքը Վահան Հովհաննիսյանի սուր ելույթներից երբեք չի նեղվել, որովհետեւ «եթե ճիշտ բան ես ասում, անկախ նրանից՝ սուր է թե ոչ, բոլորը պետք է ընդունեն եւ համակերպվեն»:
Վարչապետը նշեց, որ վերջին անգամ Վահան Հովհաննիսյանի հետ խոսել էր մոտ 20 օր առաջ, նա զանգահարել էր Գերմանիայից, ասել, որ կարոտել է բոլորին, ուզում է Նոր տարուն Երեւան գալ, բայց տկար է:
Նշենք, որ քաղաքական գործչին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:




























