Վահան Հովհաննիսյանը մեծ հայրենասեր էր, քաղաքական, պետական գործիչ, մտավորական, մարտիկ, նաեւ նվիրված իր ընտանիքին, լավ ամուսին, սիրող որդի եւ զավակ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանին այսպես բնութագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ցավոք, Վահանը կարճ ժամանակով դեսպան եղավ, մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, նա նաեւ մեծ դեր է ունեցել արտաքին քաղաքականության մեջ` ներկայացնելով Հայաստանը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում, ղեկավարելով հայկական պատգամավորական պատվիրակություններ: Նա վառ անձնավորություն էր. դժվար է պատկերացնել, որ Վահանն այլեւս մեր կողքին չէ: Նրանք, ովքեր ճանաչել եւ շփվել են Վահանի հետ, գիտեն եւ այդպես էլ պատկերացնում են, որ Վահանը մեր կողքին է, կենդանի»,- ասաց նախարարը: (ֆոտոռեպորտաժ)
Էդվարդ Նալբանդյանը պատմեց, որ նախորդ տարի հուլիսին ինքը Բեռլինի հիվանդանոցում այցելել է Վահանին, որը չնայած իր ծանր վիճակին, լավատեսորեն է տրամադրված եղել. «Վերջին անգամ հուլիսին Բեռլինում, հիվանդանոցում այցելեցի Վահանին, դեռ որոշ հույսեր կային, որ կապաքինվի , բայց հետաքրքիր է, որ Վահանը իսկապես մեծ եռանդով էր խոսում իր ապագա ծրագրերի մասին: Ցավոք, չստացվեց, որ Վահանը դրանք կատարեր»:
Նշենք, որ քաղաքական գործչին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:




























