Ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի երգչուհի Նեյլա Գուլիեւան երազում է երգել Լեռնային Ղարաբաղի մասին:
Vesti.Az-ին տված հարցազրույցում լայն լսարանին անհայտ երգչուհին ծրագրերն է ներկայացրել, որոնց թվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին երգելու երազանքը: «Ես առանձնապես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ իմ պատմական Հայրենիքի հանդեպ հսկայական անարդարություն կա: Նրա տարածքի 20%-ը բռնագրավված է, սակայն համաշխարհային հանրությունը ոչինչ չի անում այդ խնդրի լուծման համար: Հույս ունեմ, որ իմ նոր երգերը բարոյական աջակցություն կդառնան Ադրբեջանի համար»,- բարձրագոչ հայտարարություն է արել Գուլիեւան:
Պարզվում է՝ ադրբեջանցի կնոջ նրա իդեալը Մեհրիբան Ալիեւան է: «Նա հոգ է տանում ոչ միայն իր ընտանիքի, այլեւ ամբողջ ադրբեջանական ժողովրդի մասին: Մասնավորապես, ակտիվորեն հասարակական գործունեություն է ծավալուն՝ հանուն Ադրբեջանի: Ես կցանկանայի միշտ նմանվել այդ վառ անհատականությանը»,- ասել է երգչուհին:
Հասկանալի պատճառներով, Ղազախստանից հյուրը տեղյակ չէ Ադրբեջանի հազարավոր աղքատների, նավթադոլարների յուրացման, այդ թվում՝ Ալիեւների կլանի կողմից, շարքային քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման մասին:




























