Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել ադրբեջանական դիվերսիոն գործողության փորձերը դատապարտող հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից: Տարածված հայտարարության մեջ նաեւ միջազգային հանրությանը կոչ է արվում սթափեցնել ադրբեջանական իշխանություններին:

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետեւանքով կան մարդկային կորուստներ։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին։

Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։

Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին եւ ընթացքում, սադրիչ գործողություններից եւ իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: