Հունվարի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ հանրապետության տարածքում դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ կան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Ձնաբքի հետեւանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների եւ մերկասառուցի հետեւանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուժեղ քամու եւ առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետեւանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, որտեղ նաեւ խիտ մառախուղ է:

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Արագած, Լոռու մարզի Ստեփանավան  քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք եւ Ամասիա գյուղերում բուք է, տեղում է ձյուն: Բուք է նաեւ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում: Խորհուրդ է տրվում չերթեւեկել նշված հատվածով:

Նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթեւեկել «Բավրա»-ի անցակետով. այն փակ է: Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով ճանապարհային շինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: