Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը եւ զոհվածների հարազատներին:

Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որեւէ արդարացում չունեն եւ եւս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»,- ասված է նախարարի հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակման արդյունքում զոհվել են ամսագրի 4 ծաղրանկարիչները: Մահացածների թվում են 47-ամյա Ստեֆան Շարբոնիեն, 76-ամյա Ժան Կաբյուն, 80-ամյա Ժորժ Վոլինսկին եւ 47-ամյա Բեռնար Վելյակը: Ստեֆան Շարբոնիեն նաեւ ամսագրի գլխավոր խմբագիրն էր:

Խմբագրության վրա ահաբեկչական հարձակումը, որի հետեւանքով, ընդհանուր առմամբ, 12 մարդ է զոհվել, կապում են ամսագրի սուր ծաղրանկարների հետ: