Նավթի համաշխարհային գների անկման ֆոնին Ադրբեջանում շարունակում են աշխատանքից ազատել նավթագործներին: Այս մասին Minval.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Նավթագործների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միրվարի Ղահրամանլին:
Նրա խոսքով, երկրում շարունակվում են աշխատանքից ազատումները, սակայն նավթային ընկերություններն այդ փաստը տարբեր կերպ են կոչում: Մարդկանց երբեմն աշխատանքից հեռացնում են «նրանց սեփական ցանկությամբ»:
«Նավթի արդյունահանման գագաթնակետը, փորձագետների կանխատեսմամբ, պետք է լիներ 2012 թվականին, սակայն, ցավոք, դա տեղի ունեցավ ավելի շուտ՝ 2010-ին, այնուհետեւ արդյունահանումը սկսեց կրճատվել: 2013 թվականին ես լուրջ կրճատումներ էի կանխատեսում SOCAR-ում (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն - խմբ.), բայց ընկերությունում հերքեցին նման ծրագրերի առկայությունը: Նույն թվականի դեկտեմբերի 29-ից, սակայն, աշխատակիցներին սկսեցին տեղեկացնել ազատման մասին: Նրանք, ովքեր աշխատանքի ընդունվելիս 17 միավոր են հավաքում, որեւէ բաժնի ղեկավար են դառնում, իսկ 30 միավոր հավաքողները հեռացվում են: Այստեղ դեր ունեն նաեւ ծանոթությունն ու կոռուպցիան»,- նշեց Ղահրամանլին:
Փորձագետի կանխատեսմամբ, նավթի գների անկման ֆոնին իրավիճակը կվատանա. «Մենք աշխատանքից զանգվածային ազատումներ ենք կանխատեսում, մասնավորապես, «Ազերիգազ»-ում»:




























