Ադրբեջանական ANS հեռուստաալիքի նախկին սեփական թղթակից Սեւինջ Օսմանգիզին կարծում է, որ հայրենիքում իշխանությունները հետապնդում են իրեն: Որպես հիմք նա նշում է Բաքվում իր դեմ հարուցված դատական գործը. հայցը ներկայացրել է նրա նախկին ամուսինը՝ պնդելով, որ նախկին կինը վիրավորել է իրեն:

«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հետ զրույցում լրագրողուհին պնդել է, որ հայցը քաղաքական ենթատեքստ ունի: «Երեւում է՝ դատախազությունն իմ դեմ գործ հարուցելու պատվեր է ստացել: Այդ կոնֆլիկտը սկսվել եւ ավարտվել է երկու տարի առաջ, իսկ հիմա, կարծես, քաղաքական նպատակներով կրկին օգտագործում են այն»,- հայտարարել է նա:

Լրագրողի կարծիքով, իշխանություններն իր նախկին ամուսնուն օգտագործում են՝ անկախ մամուլի հետապնդման արշավի շրջանակում իրեն «պատժելու» համար: Նա կարծում է, որ չի գոհացրել իշխանություններին, երբ հեռուստակայանում քաղաքական բանավեճեր եւ թոք-շոուներ է վարել: «Ռադիկալ ընդդիմություն» համարվող հասարակական գործիչների եւ իրավապաշտպանների բաց զրույցներն արգելված էին: Haqqin.az-ի փոխանցմամբ, Օսմանգիզին նաեւ նշել է, որ այդ բանավեճերի որոշ մասնակիցներ այսօր բանտերում են, այդ թվում՝ Լեյլա Յունուսն ու Իլգար Մամեդովը: