Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է կոմիսար Էլրիկա Ֆրեդի ինքնասպանության մասին, որը հետաքննում էր Charlie Hebdo երիգծական շաբաթաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցը գնդակահարել է իրեն հունվարի 9-ի գիշերը, տաբելային զենքից, ոստիկանության բաժնի իր աշխատասենյակում:
Ֆրեդը հետաքննության ընթացքում շփվում էր զոհերի ընտանիքների հետ: Հայտնի է, որ կոմիսարը ինքնասպան է եղել՝ չավարտելով թերթի խմբագրության վրա ահաբեկիչների հարձակման նախապատրաստման վերաբերյալ զեկույցը:
45-ամյա ոստիկանության կոմիսարը ծնունդով Լիմոժ գյուղից էր, նա իր կարիերան սկսել էր 1997-ին որպես ոստիկանության սպա Վերսալի դատական ոստիկանության տարածաշրջանային բաժնում: Արդյունքում նա վերադարձել է հայրենի շրջան, որտեղ 2012-ից զբաղեցրել է տարածաշրջանային ոստիկանական ծառայության փոխտնօրենի պաշտոնը, հաղորդում է Lifenews-ը:
Կոմիսարի հայրը նույնպես աշխատում է ոստիկանությունում, իսկ մայրը բուժքույր է: Էլրիկը ամուսնացած էր, բայց երեխաներ չուներ: Ոստիկանությունը ինքնասպանության դրդապատճառների վերաբերյալ ենթադրություններ չի ներկայացնում, բայց նշում է, որ վերջին շրջանում Ֆրեդը ճնշված տեսք է ունեցել եւ էմոցիոնալ հյուծվածություն է զգացել:
Արժե նշել, որ 2013-ի աշնանը Ֆրեդը ոստիկանության բաժնում հայտնաբերել էր իր գործընկերոջ մարմինը, որը նույնպես ինքնասպան էր եղել տաբելային զենքից: Հատկանշական է, որ ինքնասպան եղածը Ֆրեդի հասակակիցն էր. նրանք երկուսն էլ 2013-ին դարձել էին 44 տարեկան:




























