Ֆրանսիայի հատուկ ծառայությունները վեց ամիս առաջ էին դադարել հետեւել ահաբեկիչ Կուաշի եղբայրներին, Ամեդի Կուլիբալիին եւ նրա հնարավոր համախոհ Հայաթ Բումեդյենին` նրանց ոչ վտանգավոր համարելով: Daily Mail-ը գրում է, որ Բումեդյենը, նրա համախոհն ու մյուս երկու ահաբեկիչները, որոնք մասնակցել են Փարիզի ահաբեկչությանը, ֆրանսիական անվտանգության ուժերի հսկողության տակ են եղել: Սակայն չնայած Արեւմուտքի հանդեպ ֆանատիկ ատելությանը, ոստիկանությունը նրանց նկատմամբ հսկողությունը որոշել էր դադարեցնել 2014թ. հուլիսին:
Շաբաթ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների կասկածյալ Հայաթ Բումեդյենը հունվարի 8-ին հատել է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանը: Ըստ մամուլի՝ Բումեդյենը ներկայում «Ֆրանսիայի տարածքում ամենաորոնվող կինն է»:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, Ֆրանսիայում ահաբեկչությունների եւ արտակարգ դեպքերի շարքը սկսվել էր չորեքշաբթի առավոտյան, Charlie Hebdo խմբագրության վրա հարձակմամբ: Երեք օրվա ընթացքում զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան: Ուրբաթ երկու հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներն էլ ոչնչացվել են:




























