Փրկարարները հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված մալազիական AirAsia-ի օդանավի ինքնագրիչներից մեկի հստակ վայրը: «Սեւ արկղը հայտնաբերվել է AirAsia-ի ինքնաթիռի պոչային հատվածի գտնվելու վայրից 800 մետր դեպի արեւելք»,- ասված է Սինխուա գործակալության հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ինդոնեզիայի տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեի ղեկավար Տատանգ Կուրնիադիին կիրակի հայտարարել է, որ օդանավի ինքնագրիչների որոնումները, որոնք, ամենայն հավանականությամբ, թաքնված են ծովի հատակին՝ տիղմի հաստ շերտի տակ, վատ եղանակի պատճառով դժվար կլինի:

Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկերության Airbus-ը դեկտեմբերի 28-ի առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից ուղեւորվել է Սինգապուր: Սակայն կարճ ժամանակ անց օդանավը կորել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում 162 մարդ կար, բոլորն էլ զոհվել են: Ներկայում Սուրաբայա են վերադարձվել ողբերգության 48 զոհի մարմինները: 29-ի ինքնությունը հաստատվել է: